Սեզոնային տարածում են ունենում սնկից թունավորումները։ Դրանց կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուցինացիա` առանց քնկոտության, ցնորքը, սրտխփոցը, վախի զգացումը և այլն: Հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։
Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու համար ՀՎԿ ազգային կենտրոնը հորդորում է․
- սննդակարգում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
- չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
- ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
- սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
- չուտել հում սունկ,
- երեխաներին չկերակրել սնկով,
- աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
- սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
- թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
- չզբաղվել ինքնաբուժմամբ։