ԳՐԻՊ

Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային  վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով։

Գրիպի հարուցիչը ՌՆԹ պարունակող վիրուս է օրթոմիքսովիրուսների ընտանիքից, որն ունի 3 սերոտիպ՝ A, B և C։ Ամենից կարևոր նշանակություն ունի A սերոտիպը, որը հանդիսանում է համաճարակների և համավարակների հիմնական պատճառ և պաթոգեն է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։ B և C սերոտիպերը պաթոգեն են միայն մարդկանց համար։ C-ն հիմնականում առաջացնում է սպորադիկ հիվանդացություն։

Գրիպը սկսվում է հանկարծակի, ջերմության կտրուկ բարձրացումով (մինչև 38-40°C), չոր հազով կամ կոկորդի ցավով և ուղեկցվում է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիային բնորոշ ախտանշաններով՝ սարսուռ, մկանային ցավ, գլխացավ։ Քթահոսությունը հիմնականում առաջանում է հիվանդության 3 օրը, ջերմության նվազումից հետո։

Գրիպի նկատմամբ առավել խոցելի են հետևյալ խմաբերը՝

  • հղիներ,
  • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
  • 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,
  • քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
  • բուժաշխատողներ,
  • զորակոչի ենթակա անձինք
  • փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ,

Սուր շնչառական վարակների և գրիպի հիմնական բարդություններն են երկրորդային վարակները, ինչպիսիք են՝ թոքաբորբը, բրոնխիտը, բկաբորբը, սինուսիտը, լարինգիտը, ականջաբորբը։

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա,

  • խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային:
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.