Նախապայմաններ՝
- յուրաքանչյուր անձ, որն ունի պրոգրեսիվող նյարդահոգեբուժական խանգարում՝ հիվանդության առնվազն 6 ամիս տևողությամբ.
- ընթացիկ (ռուտին) հետազոտությունները թույլ չեն տալիս դնել այլընտրանքային ախտորոշում.
- անամնեզում հիպոֆիզի հորմոնների ազդեցության կամ մարդու ուղեղի կարծր թաղանթի փոխպատվաստման բացակայություն.
- չկա փոխանցվող սպունգանման էնցեֆալոպաթիայի գենետիկ ձևի ոչ մի ապացույց:
Կլինիկական չափանիշ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն չորսը՝
- վաղ հոգեբուժական ախտանշաններ (դեպրեսիա, տագնապ, ապաթիա, զառանցանք).
- կայուն ցավոտ զգայական ախտանշաններ (ցավ կամ դիզեսթեզիա (գրգիռի ընկալման աղավաղում)).
- հավասարակշռության խանգարում (ատաքսիա).
- մկանակծկում կամ խորեա կամ դիստոնիա.
- դեմենցիա:
Ախտորոշիչ չափանիշներ.
- դեպքի հաստատման ախտորոշիչ չափանիշներ. նյարդաբանական հաստատում՝ սպունգանման փոփոխություն և պրիոնային սպիտակուցի արտահայտված վահանիկներով ծավալուն նստվածք ամբողջ ուղեղում և ուղեղիկում.
- հավանական կամ կասկածելի դեպքի ախտորոշիչ չափանիշներ.
- ա. էլեկտրաէնցեֆալոգրաֆիան (այսուհետ՝ ԷԷԳ) ցույց չի տալիս սպորադիկ Կրեյտցֆելդտ-Ջակոբի (Creutzfeldt-Jakob) հիվանդությանը (այսուհետ՝ ԿՋՀ) բնորոշ տեսքը հիվանդության վաղ փուլերում (ԷԷԳ-ի բնորոշ տեսքը սպորտադիկ ԿՋՀ-ում բաղկացած է տարածուն պարբերական համալիրներից՝ մոտավորապես մեկ վայրկյան հաճախականությամբ: Դրանք երբեմն կարող են դիտվել ԿՋՀ-ի ուշ փուլերում).
- բ. երկկողմանի պուլվինար բարձր ազդանշան գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (այսուհետ՝ ՄՌՏ) ժամանակ.
- գ. նշագեղձի դրական բիոպսիա (սովորաբար նշագեղձի բիոպսիա չի առաջարկվում, այդ թվում ԿՋՀ-ին բնորոշ ԷԷԳ-ի դրսևորումներով, սակայն կարող է կողմնորոշիչ լինել կասկածելի դեպքերում, երբ կլինիկական առանձնահատկությունները համատեղելի են ԿՋՀ-ի հետ, իսկ ՄՌՏ-ն ցույց չի տալիս պուլվինար բարձր ազդանշան):
Համաճարակաբանական չափանիշ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (օրինակ՝ արյան փոխներարկում):
Դեպքի դասակարգում.
- կասկածելի դեպք՝
- ա. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և համապատասխանում է կլինիկական չափանիշներին.
- բ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և բացասական ԷԷԳ սպորադիկ ԿՋՀ-ի համար.
- հավանական դեպք՝
- ա. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և համապատասխանում է կլինիկական չափանիշներին.
- բ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և բացասական ԷԷԳ սպորադիկ ԿՋՀ-ի համար.
- գ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և ուղեղի ՄՌՏ սկանավորման դրական արդյունք.
- դ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և նշագեղձի դրական բիոպսիա.
- հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և համապատասխանում է դեպքի հաստատման ախտորոշիչ չափանիշներին: