Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏ

Վիրուսային հեպատիտը լյարդի բորբոքումով ընթացող վարակային  հիվանդություն է, որի հարուցիչները հեպատիտի Ա, Բ, Ց, Դ, Ե վիրուսներն են:

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏ Ա

Վիրուսային հեպատիտ Ա-ն վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը հեպատիտ Ա-ի վիրուսն է: Հիվանդության ինկուբացիոն շրջանը 7-ից 50 օր է:
Հեպատիտ Ա-ն փոխանցվում է.

  • վարակված խմելու ջրի օգտագործման կամ վարակված ջրում լողալու հետևանքով,
  • ոչ պատշաճ լվացված մրգերի և բանջարեղենի օգտագործման արդյունքում,
  • հիվանդ անձի հետ անմիջական կամ վերջինիս խնամքի պարագաների հետ շփման միջոցով:

Վիրուսային հեպատիտ Ա-ի ախտանշաններն են.

  • ընդհանուր թուլություն,
  • հոգնածություն, գլխացավ,
  • մկանացավ և հոդացավ,
  • սրտխառնոց, փսխում,
  • մաշկաքոր,
  • ջերմության բարձրացում (37° — 38,5° С),
  • փորլուծություն մանկահասակ երեխաների մոտ,
  • սուր ցավեր որովայնի վերին հատվածում դեռահասների և մեծահասակների մոտ,
  • մաշկի և աչքերի լորձաթաղանթի դեղնություն
  • մեզի գույնի մգեցում, կավագույն կղանք։

Ինչպես կանխարգելել Վիրուսային հեպատիտ Ա-ն.

  • Պահպանել անձնական հիգիենայի կանոնները` լվացե՛ք ձեռքերը սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո,
  • խուսափել կասկածելի ջուրը խմելու համար օգտագործելուց և չլողանալ անհայտ ջրամբարներում,
  • Միրգ և բանջարեղեն օգտագործելուց առաջ վերջիններս լվանալ հոսող խմելու ջրով:

Հեպատիտի Ա և Ե վիրուսներն օրգանիզմ են թափանցում բերանային ճանապարհով վարակված ջուր խմելու կամ վարակված ջրում լողալու հետևանքով, չլվացված կամ լավ չլվացված մրգերի և բանջարեղենի օգտագործման արդյունքում, հիվանդ անձի հետ անմիջական կամ վերջինիս խնամքի պարագաների հետ շփման միջոցով:

Հեպատիտի Բ և Ց վիրուսները պարունակվում են արյան և այլ կենսաբանական հեղուկների մեջ (սերմնահեղուկի, հեշտոցային հեղուկի, լեղու և այլ) և մարդու օրգանիզմ են թափանցում ամբողջականությունը խախտված մաշկի և լորձաթաղանթների միջով:

Վարակի աղբյուր են հանդիսանում սուր, քրոնիկ հեպատիտով և վարակակիր անձինք: Վիրուսի փոխանցման ճանապարհներն են սեռական ճանապարհը, մորից երեխային  փոխանցման ճանապարհը (հղիության և ծննդաբերության ժամանակ), կենցաղային շփման ճանապարհը: Կենցաղային ճանապարհով վարակումը հիմնականում դիտվում է ընտանիքներում, կազմակերպ կոլեկտիվներում՝ վիրուսով աղտոտված անձնական հիգիենայի պարագաների ատամի խոզանակ, ածելի, մատնահարդարման պարագաներ միջոցով:

Վիրուսները կարող են փոխանցվել բժշկական կազմակերպություններում միջամտությունների ժամանակ վիրուսով աղտոտված բժշկական իրերի օգտագործման միջոցով, ինչպես նաև ոչ բժշկական կազմակերպություններում՝ գեղեցկության, կոսմետոլոգիական սրահներում՝ դաջվածքի, պիրսինգի, մատնահարդարման, ոտնահարդարման ժամանակ օգտագործվող գործիքների միջոցով:

Սուր հեպատիտների դեպքում կլինիկական պատկերը կարող է լինել բավականին արտահայտված՝ ընդհանուր թուլություն, հոգնածություն, գլխացավ, ախորժակի բացակայություն, ցավ աջ ենթակողային հատվածում, մաշկի և աչքերի լորձաթաղանթի դեղնություն: Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ն և Ց-ն հիմնականում ընթանում են առանց որևէ ախտանշանների, ախտանշաններն ի հայտ են գալիս միայն հիվանդությունը զարգանալուց հետո՝ ուշ փուլերում, այդ պատճառով առավել վտանգավոր են։ Այս դեպքում ախտահարվում են լյարդային բջիջները՝ հանգեցնելով լյարդի ցիրոզի կամ լյարդի առաջնային քաղցկեղի: Շատ կարևոր է հիվանդությունն ախտորոշել վաղ փուլում, երբ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Այն կարելի է հայտնաբերել պարբերաբար հետազոտվելով հեպատիտ Բ-ի և Ց-ի նկատմամբ:

Հեպատիտ Բ-ի դեմ կան կանխարգելիչ պատվաստումներ, իսկ հեպատիտ Ց-ի դեմ առկա է արդյունավետ բուժում:

Հեպատիտներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է.

  1. պատվաստվել հեպատիտ Բ-ի դեմ,
  2. չօգտագործել ուրիշի անձնական հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ածելի, եղունգների հարդարման պարագաներ,
  3. զերծ մնալ պատահական սեռական շփումներից կամ օգտագործել պահպանակներ,
  4. զերծ մնալ ներարկային թմրամիջոցներ կիրառելուց կամ չօգտագործել նույն ներարկիչը,
  5. տարին 1 անգամ հետազոտվել հեպատիտների նկատմամբ:

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.