Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ երեխաները տան դեղարկղիկից գտնելով դեղորայքի տուփը կամ սրվակը, ամբողջությամբ ուտում կամ խմում են պարունակությունը, ինչի արդյունքում վերջիններիս մոտ կարող է արձանագրվել ալերգիկ շոկ կամ սուր դեղորայքային թունավորում:
Նույնիսկ դեղի մեկ հաբը կարող է մեծ վնաս հասցնել երեխայի փխրուն օրգանիզմին: Ծնողների վրա մեծ պատասխանատվություն է ընկած երեխաների կյանքի և բարօրության համար, դրա համար շատ կարևոր է պաշտպանել փոքրիկին դեղամիջոցներից թունավորվելու վտանգից:
Դրա համար պետք է իմանալ տանը դեղամիջոցների պահման մի քանի կանոն
Կանոն 1
Դեղամիջոցները անհրաժեշտ է պահել տանը երեխաների համար ոչ հասանելի վայրում՝ բարձր տեղ, ցանկալի է երեխայի տեսադաշտից դուրս:
Դեղամիջոցները պահելու համար ամենահուսալին կլինի ամուր կողպված պահարանը:
Հույս մի դրեք պաշտպանիչ կափարիչների վրա: «Երեխաներից պաշտպանելու» նշանը դա դեռ երեխաներից պաշտպանելու երաշիք չէ: Հայտնի է, որ երեխաները այդպիսի կափարիչները բացում են կամ նույնիսկ սրվակները կրծում են ատամներով: Կողպ՛եք դեղամիջոցները:
Ավելի լավ է երեխայի ներկայությամբ մի ընդունեք ոչ մի դեղամիջոց: Երեխաները սիրում են նմանակել ծնողներին:
Ուշադիր եղեք ձեր երեխային, եթե դուք հյուր եք գնացել: Ոչ բոլոր մարդիկ են որ զգույշ են դեղեր պահելու հարցում: Օրինակ տատիկները և պապիկները հաճախ են դեղամիջոցներ ընդունում, որոնք երեխաների համար շատ վտանգավոր են և գտնվում են տեսադաշտում:
Հավաքեք և պահեք դեղորայքը յուրաքանչյուր օգտագործումից հետո:
Կանոն 2
Մանկական դեղորայքը պետք է պահել բնօրինակ փաթեթավորմամբ և կիրառման հրահանգով, ոչ միայն սխալ դեղի օգտագործումից այլ նաև նրա գերդոզավորումից խուսափելու համար:
Ցանկալի է առանձին պահել փոքրերի և մեծերի համար նախատեսված դեղամիջոցները: Կտրականապես արգելվում է երեխային տալ մեծերի համար նախատեսված դեղորայքը, քանի որ կարող եք սխալ հաշվարկել դեղաչափը, նույնիսկ հաբը կիսելով կամ բաժանելով քառորդների:
Կանոն 3
Երբեք դեղորայքը կոնֆետ մի անվանեք: Դա կարող է երեխային շփոթեցնել և մի օր նա կարող է ուտել հաբերը, համարելով այն կոնֆետներ:
Բացատրեք երեխային «դեղամիջոց» բառի իմաստը, ընդ որում չվախեցնելով երեխային:
Ճիշտ կլինի նաև օգնել երեխային հասկանալ, որ չի կարելի ուտել կամ խմել ցանկացած անծանոթ բան, առանց ծնողների թույտվության:
Կանոն 4
Լավ կլինի տանը չպահել սնդիկային ջերմաչափեր և երեխայի ջերմությունը չափել էլեկտրոնային ջերմաչափով, դրանք ավելի ճշգրիտ են, հարմար և անվտանգ են երեխայի և տան անդամների առողջության համար:
Լավ կլինի նաև պարբերաբար վերանայել տնային դեղարկղիկը՝ ժամկետն անց կամ ավարտման ժամկետին մոտ դեղամիջոցների առկայությունը ստուգելու համար:
Այս պարզ կանոնների պահպանումը կօգնի ծնողներին պահպանել երեխաների և ամբողջ ընտանիքի առողջությունը: