Բոտուլիզմ

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի և կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ այն բազմանում և արտադրում է թույն: Նման պայմաններ ստեղծվում են հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք օգտագործվում են պահածո արտադրող կազմակերպություններում։

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը, գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը, տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը, խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը: Նշված ախտանշաններն ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Հաշվի առնելով այս հիվանդության ծանր ընթացքը, ինչպես նաև հետագա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է.

  • խուսափել տնային պայմաններում պահածո պատրաստելուց և օգտագործելուց,
  • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
  • չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
  • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.