Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով։
Գրիպի հարուցիչը ՌՆԹ պարունակող վիրուս է օրթոմիքսովիրուսների ընտանիքից, որն ունի 3 սերոտիպ՝ A, B և C։ Ամենից կարևոր նշանակություն ունի A սերոտիպը, որը հանդիսանում է համաճարակների և համավարակների հիմնական պատճառ և պաթոգեն է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։ B և C սերոտիպերը պաթոգեն են միայն մարդկանց համար։ C-ն հիմնականում առաջացնում է սպորադիկ հիվանդացություն։
Գրիպը սկսվում է հանկարծակի, ջերմության կտրուկ բարձրացումով (մինչև 38-40°C), չոր հազով կամ կոկորդի ցավով և ուղեկցվում է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիային բնորոշ ախտանշաններով՝ սարսուռ, մկանային ցավ, գլխացավ։ Քթահոսությունը հիմնականում առաջանում է հիվանդության 3 օրը, ջերմության նվազումից հետո։
Գրիպի նկատմամբ առավել խոցելի են հետևյալ խմաբերը՝
- հղիներ,
- 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
- 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,
- քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
- բուժաշխատողներ,
- զորակոչի ենթակա անձինք
- փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ,
Սուր շնչառական վարակների և գրիպի հիմնական բարդություններն են երկրորդային վարակները, ինչպիսիք են՝ թոքաբորբը, բրոնխիտը, բկաբորբը, սինուսիտը, լարինգիտը, ականջաբորբը։
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա,
- խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային: