ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏ
Վիրուսային հեպատիտը լյարդի բորբոքումով ընթացող վարակային հիվանդություն է, որի հարուցիչները հեպատիտի Ա, Բ, Ց, Դ, Ե վիրուսներն են:
ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏ Ա
Վիրուսային հեպատիտ Ա-ն վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը հեպատիտ Ա-ի վիրուսն է: Հիվանդության ինկուբացիոն շրջանը 7-ից 50 օր է:
Հեպատիտ Ա-ն փոխանցվում է.
- վարակված խմելու ջրի օգտագործման կամ վարակված ջրում լողալու հետևանքով,
- ոչ պատշաճ լվացված մրգերի և բանջարեղենի օգտագործման արդյունքում,
- հիվանդ անձի հետ անմիջական կամ վերջինիս խնամքի պարագաների հետ շփման միջոցով:
Վիրուսային հեպատիտ Ա-ի ախտանշաններն են.
- ընդհանուր թուլություն,
- հոգնածություն, գլխացավ,
- մկանացավ և հոդացավ,
- սրտխառնոց, փսխում,
- մաշկաքոր,
- ջերմության բարձրացում (37° — 38,5° С),
- փորլուծություն մանկահասակ երեխաների մոտ,
- սուր ցավեր որովայնի վերին հատվածում դեռահասների և մեծահասակների մոտ,
- մաշկի և աչքերի լորձաթաղանթի դեղնություն
- մեզի գույնի մգեցում, կավագույն կղանք։
Ինչպես կանխարգելել Վիրուսային հեպատիտ Ա-ն.
- Պահպանել անձնական հիգիենայի կանոնները` լվացե՛ք ձեռքերը սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո,
- խուսափել կասկածելի ջուրը խմելու համար օգտագործելուց և չլողանալ անհայտ ջրամբարներում,
- Միրգ և բանջարեղեն օգտագործելուց առաջ վերջիններս լվանալ հոսող խմելու ջրով:
Հեպատիտի Ա և Ե վիրուսներն օրգանիզմ են թափանցում բերանային ճանապարհով վարակված ջուր խմելու կամ վարակված ջրում լողալու հետևանքով, չլվացված կամ լավ չլվացված մրգերի և բանջարեղենի օգտագործման արդյունքում, հիվանդ անձի հետ անմիջական կամ վերջինիս խնամքի պարագաների հետ շփման միջոցով:
Հեպատիտի Բ և Ց վիրուսները պարունակվում են արյան և այլ կենսաբանական հեղուկների մեջ (սերմնահեղուկի, հեշտոցային հեղուկի, լեղու և այլ) և մարդու օրգանիզմ են թափանցում ամբողջականությունը խախտված մաշկի և լորձաթաղանթների միջով:
Վարակի աղբյուր են հանդիսանում սուր, քրոնիկ հեպատիտով և վարակակիր անձինք: Վիրուսի փոխանցման ճանապարհներն են սեռական ճանապարհը, մորից երեխային փոխանցման ճանապարհը (հղիության և ծննդաբերության ժամանակ), կենցաղային շփման ճանապարհը: Կենցաղային ճանապարհով վարակումը հիմնականում դիտվում է ընտանիքներում, կազմակերպ կոլեկտիվներում՝ վիրուսով աղտոտված անձնական հիգիենայի պարագաների ատամի խոզանակ, ածելի, մատնահարդարման պարագաներ միջոցով:
Վիրուսները կարող են փոխանցվել բժշկական կազմակերպություններում միջամտությունների ժամանակ վիրուսով աղտոտված բժշկական իրերի օգտագործման միջոցով, ինչպես նաև ոչ բժշկական կազմակերպություններում՝ գեղեցկության, կոսմետոլոգիական սրահներում՝ դաջվածքի, պիրսինգի, մատնահարդարման, ոտնահարդարման ժամանակ օգտագործվող գործիքների միջոցով:
Սուր հեպատիտների դեպքում կլինիկական պատկերը կարող է լինել բավականին արտահայտված՝ ընդհանուր թուլություն, հոգնածություն, գլխացավ, ախորժակի բացակայություն, ցավ աջ ենթակողային հատվածում, մաշկի և աչքերի լորձաթաղանթի դեղնություն: Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ն և Ց-ն հիմնականում ընթանում են առանց որևէ ախտանշանների, ախտանշաններն ի հայտ են գալիս միայն հիվանդությունը զարգանալուց հետո՝ ուշ փուլերում, այդ պատճառով առավել վտանգավոր են։ Այս դեպքում ախտահարվում են լյարդային բջիջները՝ հանգեցնելով լյարդի ցիրոզի կամ լյարդի առաջնային քաղցկեղի: Շատ կարևոր է հիվանդությունն ախտորոշել վաղ փուլում, երբ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Այն կարելի է հայտնաբերել պարբերաբար հետազոտվելով հեպատիտ Բ-ի և Ց-ի նկատմամբ:
Հեպատիտ Բ-ի դեմ կան կանխարգելիչ պատվաստումներ, իսկ հեպատիտ Ց-ի դեմ առկա է արդյունավետ բուժում:
Հեպատիտներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է.
- պատվաստվել հեպատիտ Բ-ի դեմ,
- չօգտագործել ուրիշի անձնական հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ածելի, եղունգների հարդարման պարագաներ,
- զերծ մնալ պատահական սեռական շփումներից կամ օգտագործել պահպանակներ,
- զերծ մնալ ներարկային թմրամիջոցներ կիրառելուց կամ չօգտագործել նույն ներարկիչը,
- տարին 1 անգամ հետազոտվել հեպատիտների նկատմամբ: