⦁ Կլինիկական չափանիշներ.
1. ջերմաստիճանի կտրուկ բարձրացում և հազ.
2.հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երեքի սուր սկիզբ՝ տենդ, հազ, ընդհանուր թուլություն, հոգնածություն, գլխացավ, մկանացավ, կոկորդի ցավ, րինիտ, հևոց, սրտխառնոց, լուծ, ախորժակի անկում:
⦁ Լաբորատոր չափանիշներ.
1.կենսաբանական նյութի նմուշում վիրուսի (SARS-CoV-2) ՌՆԹ-ի հայտնաբերում ՊՇՌ-ով.
2.վիրուսի հակածնի հայտնաբերում արագ ախտորոշիչ թեստով:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում (հավանական կամ հաստատված դեպքի կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական կլաստերի հետ համաճարակաբանական կապ):
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝
ա. կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին համապատասխանող անձ.
բ. ծանր սուր շնչառական հիվանդությամբ անձ (ԾՍՇՎ՝ սուր շնչառական վարակ՝ անամնեզում տենդ կամ ≥ 38°C -ից բարձր ջերմություն, հազ, ախտանշանների սկիզբը վերջին 10 օրերին, հոսպիտալացման ցուցումներ).
գ. վիրուսի հակածնի հայտնաբերման արագ թեստի (մասնագիտացված կամ ինքնուրույն իրականացրած) դրական արդյունքով անձ, որի մոտ բացակայում են կլինիկական նշանները կամ ախտանշանները կամ չի համապատասխանում համաճարակաբանական չափանիշներին.
2.հավանական դեպք՝
ա. կլինիկական չափանիշներին համապատասխանող և հավանական կամ հաստատված դեպքի կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական կլաստերի հետ համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
բ. նախկինում շնչառական դիսթրես-համախտանիշով և հավանական կամ հաստատված դեպքի հետ շփում ունեցած կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական կլաստերի հետ համաճարակաբանական կապ ունեցած մեծահասակ պացիենտի անհայտ պատճառից մահվան ելք.
3.հաստատված դեպք՝
ա. լաբորատոր ախտորոշիչ հետազոտության (նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով՝ (ՊՇՌ)) դրական արդյունքով անձ, անկախ կլինիկական կամ համաճարակաբանական չափանիշների առկայությունից.
բ. կլինիկական կամ համաճարակաբանական չափանիշներին համապատասխանող և վիրուսի հակածնի հայտնաբերման արագ թեստի (մասնագիտացված կամ ինքնուրույն իրականացրած) դրական արդյունքի առկայությամբ անձ: